ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մարդու կենսագրությունն սկսվում է ցեղի հիշողությունից»

«Մարդու կենսագրությունն սկսվում է ցեղի հիշողությունից»
10.07.2009 | 00:00

«ԻԲՐ ԿՈՍՄՈՊՈԼԻՏ ԵՆ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ գրքերի, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է, պրոֆեսիոնալ լեռնագնաց, անձավախույզ: «Հայկ» ստուդիայի պատվերով վերջերս նկարահանվել է նրա «Արևի տաճար» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր` Շավարշ Վարդանյան), շուտով կավարտվեն «Հայոց պատմություն» (ռեժիսոր` Գեորգի Կևորկով) ֆիլմաշարի, ինչպես նաև Հայաստանի մարզերին նվիրված ֆիլմի (ռեժիսոր` Հրանտ Հակոբյան) վեցերորդ սերիաները: Գիտահանրամատչելի լինելուց բացի, նրա ֆիլմերում առկա է առասպելաբանությունը, ինչը նորություն է հայ կինոյի պատմության մեջ:
-Արցախյան շարժման տարիներին Դուք ստեղծել եք «Հայաստան» ֆիլմը: Մի փոքր պատմեք այդ մասին:
-Ռեժիսոր Շավարշ Վարդանյանին հանդիպեցի 88-ին: Շավարշը զինվորական օպերատոր էր, ես տարբեր գործողություններ էի նախաձեռնում` որպես ռազմական ալպինիստ: Եվ այդ դժվարին ժամանակներում հանկարծ ծնվում է հայոց պատմությունը ներկայացնող քառասուն սերիանոց ֆիլմ ստեղծելու գաղափարը: Սերժ Ղազարյանի հովանավորությամբ անհավանական կարճ ժամանակահատվածում (ընդամենը երկու ամսում, երկու հոգով) ստեղծեցինք «Հայաստան» ֆիլմը: Մեկ ժամանոց այդ ֆիլմում ներկայացվում է Հայաստանի պատմությունը` քարեդարից մինչև մեր ժամանակները: Հետո հասկացա, որ բոլոր նմանատիպ ժամանակներում, երբ վտանգված է ազգի գոյությունը, ի հայտ է գալիս պատմական ճամփորդություն կատարելու ցանկություն, որը բնորոշ է եղել մեր պատմիչներին:
-Խորխե Լուիս Բորխեսն ինչ-որ առիթով հիշում է, որ երիտասարդ հասակում երազել է իր առաջին հարյուր ընթերցողների դեմքերը տեսնել: Մեր գրողների համար, կարծում եմ, վտանգավոր է այդ մասին մտածելը…
-Փոքրիկների համար գրած իմ գործերը մշտապես ընթերցող ունեն: Համեմատաբար մեծերը զանգահարում են, հետաքրքրվում հերոսների ճակատագրով. ինչո՞ւ է այսպես եղել, որտե՞ղ է եղել. սրա արդյունքում էլ ծնվեց «Թացուչորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» եռահատորյակը: Բայց, ընդհանուր առմամբ, չգիտեմ` ով է ընթերցողս, բավականին փակ եմ ստեղծագործում և երբևէ չեմ մտածում այդ մասին: Բնատուր մեծամտությունը, որ կա յուրաքանչյուր մարդու մեջ, ես ճիշտ ժամանակին կարողացա հաղթահարել իմ ներսում` միաժամանակ ազատվելով թերարժեքության հնարավոր բարդույթներից: Մեծամտությունը միանշանակ ինքնասպանություն է: Երեսունհինգ տարի անցկացրել եմ սարերում, անտառներում, եղել եմ հնագիտական արշավախմբի ղեկավար, մասնակցել եմ քարանձավային հնագիտության հիմնադրմանը, միջազգային սիմպոզիումների: Գետնի տակ, անդունդների աշխարհում բավականին վտանգավոր է: Անձավախույզներն աշխարհում քիչ են (մոտ 400 հոգի), բոլորս միմյանց ճանաչում ենք: Այսինքն, տնաբույծ կենսագրություն չունեմ և այդ ամենը վերածում եմ նյութերի, որոնց մեծ մասն առայժմ անավարտ է կամ անտիպ: Մարդիկ պետք է իմանան այդ ամենը, բայց որպեսզի մատչելի լինի, պետք է դիմենք կինոյի ժանրին, կինոն մարդկանց հարազատ լեզու է: Մեզ մոտ գիտությունը, իսկական արժեքները փակ վիճակում են, իսկ տգիտությունը լայնորեն ներկայացվում է: Վերջերս նկարահանված «Արևի տաճար» ֆիլմը, օրինակ, բացահայտում է մեր չճանաչած Գառնին։ Այն գրադարանային ֆիլմ է: Հայաստանում այդ կուլտուրան դեռևս չկա: Վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմերի լայն արտադրություն կարող ենք ունենալ, ինչի մասին, սակայն, չեն մտածում:
-Ի՞նչ կասեք նորաբաց «Արարատ» մշակութային հեռուստաընկերության մասին:
-«Արարատը» դեռ պետք է կայանա: Ամեն դեպքում, արժեքավոր, այսօր ընդունված չափագծից բարձր բաներ են արվում: Մշակութային ժողովուրդ պիտի դառնայինք, մինչդեռ այդպես չէ։ Ամենքը պարտավոր են օգնել, որպեսզի մշակութային կյանքը բարձր մակարդակով ներկայացվի:
-Բայց ունե՞նք, արդյոք, ակտիվ մշակութային կյանք։
-Կա, պարզապես ցաք ու ցրիվ է, ամփոփված է անհատների գործունեության մեջ: «Արարատն» իր հերթին պետք է նպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը, դրանք փոխկապակցված են։ Այն, որ այսօր ունենք նման ալիք, արդեն դրական եմ գնահատում և շատ սպասելիքներ ունեմ:
-Մեր իրականության մեջ ի՞նչն է Ձեզ մտահոգում, և իրավիճակի առողջացման համար ո՞րն է արվեստի, գրականության դերը:
-Չեն պրոպագանդվում ազգային արժեքները, որ պետության հիմքն են: Առաջնային պետք է լինի ինքնության, տեսակի ճանաչումը, անցյալի գիտակցումը։ Մարդու կենսագրությունը սկսվում է ցեղի հիշողությունից: Որքան քիչ գիտե անցյալի մանրամասները, այնքան կենսագրությունն անորոշ է: Նույն կերպ, եթե ազգիդ անցյալին, պատմությանը ծանոթ չես, դա ծնում է կեղծ, արհեստածին հայրենասիրություն կամ ազգամերժում, որ կա նաև արվեստում: Իբր կոսմոպոլիտ են, իրականում քողարկում են սեփական տգիտությունը, արհամարհում են ազգային արժեքները։ ՈՒթ տարի «Վերվարածներով» զբաղեցնում են մարդկանց, և երբ նման նախագծերն իրենց սպառում են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում, որ այդքան տարի բթացրել են հանրությանը: Արվեստը վերածվում է ժամանցի, շոուի, և մարդկանց այլ արժեքներ չեն հետաքրքրում: Սա ամերիկյան քաղաքականություն է, որին նույնիսկ Եվրոպան չի կարողանում դիմակայել։ Դատարկամտության մեջ, երևի, հմայք կա: Արդյունքում մեր քաղաքակրթությունը թուլանում է: Առաջ է գալիս հակաբնական քաղաքակրթություն: Օրինակ, համակարգիչը, հեռակառավարման վահանակը, բջջային հեռախոսը հեշտացնում են կյանքը, սակայն կենսաբանորեն հակաբնական են: Աստիճանաբար հեռանում ենք բնությունից, բնական վիճակներից:
-Մշտապես արշավներ, պեղումներ, բնության գաղտնիքների բացահայտում։ Այս ամենը, հավանաբար, անդրադառնում է մարդու տեսակի վրա: Ինչպիսի՞ն եք կյանքում:
-Պարզ եմ նայում երևույթներին, իսկ համեմատության չափանիշն ինձ համար բնությունն է: Կյանքի ամենատարբեր երևույթների, մարդկային փոխհարաբերությունների, անգամ մարդու կենսաձևի, շարժումների մեջ տեսնում եմ արմատները, հնագույն օրենքները` ո՞նց է ստեղծվել, որտեղի՞ց է գալիս: Ժամանակի ընթացքում մենք ձեռք ենք բերել շատ արհեստածին սովորություններ, կորցրել բնականը:
-Դժվար չէ՞ այդ կերպ ապրելը` վերլուծելով:
-Ես դրա համար ժամանակ չեմ ծախսում, ես տեսնո՛ւմ եմ այդպես:
-Շրջապատում ավելի շատ են «բնությունից հեռացած մարդիկ»։ Շփումը նրանց հետ չի՞ դժվարանում:
- Ես ունեմ շատ ընկերներ, որոնք յուրովի են մտածում. նկարիչը` գտնելով ստվերներն ու գույները, գրողը` փորձելով այդ ամենը ձևակերպել նախադասության մեջ…
-Գրողների միության ներկայիս խնդիրների, տարաձայնությունների մասին ի՞նչ կասեք։
-Լուրջ չեմ ընդունում, դրանք իմ տեսակի մարդու խաղեր չեն: Կանոնադրությունը, կառուցվածքն այսօր արդեն ժամանակավրեպ են, պետք է վերափոխել, դարձնել այժմեական։ Ի վերջո, եկեք հասկանանք` ի՞նչ է գրողների միությունը, թեև, միևնույն է, ոչ ոքի չես ստիպի, որ տաղանդավոր դառնա։
-Ժամանակակիցների գործերին հետևո՞ւմ եք:
-Այո՛, և լավ կարծիք ունեմ երիտասարդ գրողների մասին: Մեր սերունդը կիսաստրկական վիճակում էր, չափավոր ըմբոստ, նոր սերունդն ազատ է, թեև, դեռ չկայացած: Ինքնակրթությամբ պետք է զբաղվեն: Նեղ մասնագիտություն ասվածը մեզ բնորոշ չէ: Զոմբիացման ամերիկյան քաղաքականություն է տարվում: Մենք ունիվերսալ մտածողությամբ ազգ ենք: Անհատը լայնախոհ պետք է լինի, որ լիարժեք տիրապետի իր մասնագիտությանը և նոր արժեքներ ստեղծի: Անցումային շրջանը մեզ մոտ շատ երկար տևեց: Կուզենայի էվոլյուցիոն ընթացքը հանդարտ լիներ, որպեսզի համարժեք արդյունք լիներ, ոչ թե ցնցում: Մեր սերունդն արդեն ապրել է դա. ցնցումներ, հեղափոխություն, պատերազմ, և այդ ամենի միջից դուրս է եկել խեղված: Ազատամարտի մասնակիցներն այսօր իրենց հաղթող չեն զգում, բոլորի մեջ դատարկության զգացողություն է։ Չգիտենք` ի՞նչն է պատճառը։ Դեռ անուն չենք հորինել այս տխուր վիճակի համար:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ